top of page

ԽՈՐԱՄԱՆԿ ՈՒ ԶՎԱՐԹ ՀԱՅ

(ինքնասպանության չհաջողված փորձ)

Ես եկել էի այստեղ

պնդանալու համար

ինչպես տղաներն են գնում բանակ

հիմա ժամանակն է

պիտի գնամ

ես շրջում եմ Տիրոջ խաչը պատի վրա

ահավասիկ պարանը` երկար ու պինդ

Բուդդան ինձ ասում է` նստիր

արմունկներդ ետ տար սուր անկյան տակ

մինչեւ թիակներդ թեթեւ դիպչեն իրար

ափերդ առջեւում միացրու այնպես

ասես

բարակ թուղթ ես պահել դրանց միջեւ

կրունկներդ խաչաձեւ դիր

ձախը աջի վրա

աջը ձախի

պոկվել եմ հատակից արդեն մի թիզ

(մնացածը իներցիա է սովորական)

մնում է հաշվեմ մինչեւ տասը

հիմնականում անշարժ

կզակս վար

եւ ոչ մի խոստում բացառապես

հարության կապակցությամբ` երեք օր անց

մինչդեռ Տերը խոսում է դեսից-դենից

– Պողոսը ջուր տվեց ես աճեցրի

նրանք որ աչքեր ունեն պոռնիկների

Բաղաամը ստացավ մի չխոսող էշ

գբից մորեխ է դուրս գալիս

չէ որ կաթի պես թափեցիք զիս

ես փակում եմ ականջներս

որ չլսեմ

ու ճչում լաչառաբառ

բլա-բլա-բլա-բլա

(ասես կռվում եմ քույրերիս հետ)

երբ խոսքի հոսքը ընդհատելը

դառնում է առավել առաջնային

քան մինչեւ իսկ մեռնելը

ի՞նչ մեծ բան է

խրատում եմ ինքզինքս – աչքերս փակ

այդ ո՞վ է որ չի մեռնում

վերջիվերջո

հ․գ․ այս անգամ էլ փրկեցիր հա՞

խորամանկ Հայր – օ~ Դու

կասեր քեռիս

հավերժական շառլատանը տիեզերքի

ու կհավելեր –

պատեհ չէ հարցնելը Բուդդային

թե նա ի՞նչ է մտածում Փրկչի մասին


bottom of page