top of page

ԼՈՒԼԱ-ԱԼԵԼՈՒՅԱ

(կամ հարության վերջին փորձ` չորրորդ օրը)

Լույա-ալելույա եկել եմ տես

քո անլուրջ հրեշտակը անհատական

կարճ փեշովս` կարված փողկապներից

որ մոռացել են անկողնուս մոտ

շտապող սերերս

լուսաբացին

լույա-ալելույա

լսո՞ւմ ես ինձ

չփորձես ձեւանալ համր (հիմա էլ դո՞ւ)

կամ իբր ազատ ես վերջապես

քո հոգին ճախրել է ավելի վեր

տատիկիս հնամաշ գորգի վրա

բուխարու ճթճթոցից սովորական

լույա-ալելույա

տեսնո՞ւմ ես ինձ

ստինքներս փայլուն

ոսկե ձկներ

պատրաստ կատարելու ինչ ցանկանաս

կապկիր շուրթերս

նրանց ասա

վանկ առ վանկ հստակ – իմ ետեւից

– ու-զում եմ եր-կիր վե-րա-դառ-նալ

լույա-ալելույա

չփորձես տես

ձեւանալ հիացած կամ զարմացած

քո՛ իսկ կահավորած տարածքներում

դե ուրեմն լսի՛ր

(դու չե՞ս անվանողը ինձ

«իմաստուն ծաղրածու պալատական»)

երկնքում մենք գտնում ենք այն

ինչ երազել ենք երկրում

հնամաշ

գունավոր

գորգի վրա

ԲԺԻՇԿԸ ԵՎ ՍԱՏԱՆԱՆ

(կենսագրական)

Մեկը կռացավ ու երկու մատով

իջեցրեց կոպերը տատիկիս

տիկնիկիս փչացած կոպերի պես

ու ետ գնաց երկու քայլ` գլուխը կախ

պարզվեց սա է մահը

տատիկս չարթնացավ հաջորդ օրը

աքլորի կանչից առավոտյան

ոտքերը անկողնուց կախ չտվեց

ու չնայեց շուրջը կասկածանքով

թե չլինի պապը զարթնել` նորից

հանդ է գնացել սոված

առանց հացի

ինքը` դեռ քնած այսպես մեռելի պես

հիշում եմ բժշկին

ու աներեւույթ

մահվան սատանային

անկողնու մոտ

թեկուզ տատիկիս համար

սատանան միշտ էր տեսանելի

կկոցում էր աչքերն ու ասում

– աղջիկ` սատանա է մտել քո մեջ

մինչդեռ ես միայն շունչն էի զգում դրա

վախի շարժվելու պես - ինչպես քամի

որ ապրում էր փեշիս տակ

երբ կույս էի

այնուհետ աղիքներիս մեջ

հետո սրտիս

իսկ հիմա մտքիս մեջ բացառապես

ես հաճախ պարում եմ նրա հետ

ձեռքս վարժ շարժում եմ տաբատի մեջ

թեպետ իսկի էլ կարեւոր չէ

առնանդամ ունի՞

չունի՞

սատանան մնում է սատանա

տատս կասեր

պետք է զգուշանալ

հատկապես

նրա երրորդ կոտոշից չերեւացող

– երբ երկուսն էլ բռնել ես - աղջիկս

երրորդով է հարվածում նա սովորաբար

եւ սա ճշմարիտ է նաեւ այսօր

երբ հավերժը չափվում է պիքսելներով

երկիրս մնացել է հեռվում

ես հիմա գաղթական եմ տատ

ամեն ինչ կորցրի ճանապարհին

բացի լեզվիցս

որ ասածիդ պես

պահել էի ետեւում ատամներիս

հանգերիս չխաբվես

սա երգ չէ

ես այսպես սգում եմ կորուստը

ծծակներիս

կատվիս

մասիսներիս

նաեւ կոնկրետ մարդկանց անվանական

որոնց Տերը տարավ ու փոխարենը

վերադարձրեց անկապ մի Ղազարոսի

ում ես չէի տեսել երբեւէ

եւ ով

դատելով նրա դժգոհ դեմքից

իսկի էլ չէր ուզում վերադառնալ


bottom of page