Հիշում եմ
և այն էլ հստակորեն
շշուկով խոսելը պատի տակ
ուս ուսի կանգնած տղաների
ապա միանգամից կտրուկ
համաչափ շրջելը գլուխների
(ինչպես սարեկներ շարված
պարանի վրա ձմեռային)
և քայլելս եմ հիշում ես այնուհետ
կարծես թե քամուց արագացած
ու ճիշտ է չեմ հիշում տղաների
ճշգրիտ անունները այս վայրկյանին –
(ու չեմ էլ իմացել երբևէ
նրանք կոչվում էին բակի տղերք)
սակայն կճանաչեմ փակ աչքերով
ու կզատեմ բոլոր քամիներից
այն մեկը
որ ծնվում էր նրանց գլուխների
արա՛գ
սինքրո՛ն
շրջվելու պատճառով միանգամից
ու ծածանում էր կոնքերս
մինչև կանգառ
կճանաչեմ
իհարկե կճանաչեմ
հիմա իսկ թեթևակի լարումով
ոսպնյակներիս
ես տեսնում եմ նրանց ահա
ժամանակից մաշված նույն փողոցում
գլուխ գլխի դեռևս փսփսացող
բակի սևազգեստ այն տղաներին
ինչպես ողբացող կանայք
մտացածին ինչ-որ դիակի շուրջ
ԸՄԲՈՍՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԻՄԱՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՏ
Վերադարձրու Քրիստոս
մեղքերն իմ նույնությամբ
ես շատ թանկ եմ վճարել դրանց համար
ու բացի այդ
դրանք ի՛մ մեղքերն են չ՞է
իսկ իմ բաժին երկնքի արքայության համար
անհեթեթ է խոսելն իսկ այս վայրկյանին
(չե՞ս տեսնում երկինքը այրվում է ռումբերի մեջ)
նախընտրում եմ քայլել ես
մեռյալների հովտով
աննպատակ
կրծելով եղունգներս ու թոթովել
հանգավորված մի բան
ժամանակի քնկոտ ականջի մեջ
քան լսել անկիրք քարոզը երկար-բարակ
մորուքավոր մեկի
թեկուզ խելոք
այո՛ – ապտակիր ինձ
չեմ նեղանա – եթե այդ է կամքդ
Դու ի՛մ Քրիստոսն ես վերջիվերջո
սիրում եմ Քեզ
սակայն դա չի փոխում
ընտրությունն իմ
մնալ մինչև վերջ
սաղավարտով
ինչպես կրիա
չվստահե՛լ նրանց երբևիցե
քանզի իրոք
եթե այդքան իմաստուն են
մորուքավոր մարդիկ
վերը նշված
ամպն ինչո՞ւ է խանձվում
ինչպես գառնուկ
ինչո՞ւ չի ավարտվում
պատմությունն այս
որ սխալ էր ի սկզբանե
ու չասես՝ ոչ
դե ուրեմն ես էլ հիմարի պես
կքայլեմ կրծելով եղունգներս
ու թունավոր հանգեր կկաթեցնեմ
պատերազմի աղմկոտ ականջի մեջ
հ.գ. Աստված չի խոսել երբեւէ – մեղավորը
թարգմաններն են
նրա լռության մեծ
մոլորյալ գառնուկներ ենք մենք բոլորս
մեր հովիվները պայթել են Դարֆուրում
Գազայում
Սիրիայում
Աֆղանստանում
երազումս շրջան կազմած այրում էինք
սրբազան խառույկի մեջ
բոլոր տեքստերը
Տիրոջ մասին