Արցա՛խ իմ –
դարպասներդ
մանկական գրքի նախշազարդ կազմ
բացում եմ ու ներս մտնում հեքիաթիդ մեջ
Արցա՛խ իմ
ափ հանդիպակաց
որ առավել կանաչ է երևում միշտ
կրակոցն իսկ այդտեղից
ինձ հասնում է բաղձալի կրակոցի պես
այն որսորդի
որ պիտի ազատի գայլի փորից
բոլոր հերոսներին – միանգամից
Արցա՛խ իմ – սև անտառ
քո մեջ եմ ես
(մյուս ա՛փն է հետևաբար կանաչ հիմա)
քո հողը կարմիր է ամբողջովին
վառոդի հոտով անտանելի
պատերազմը սողում է գողեգող
սպանելով բոլոր թիթեռներին
ճզմելով սերմերը ապագայի
տանկի ծանրաշարժ թրթուրի տակ
/
Արցա՛խ իմ – սեւ դրախտ
ես նույն մանուկն եմ դեռ
որ չի կարող քնել առանց հեքիաթ
երազումս անտառդ էր նույն հետևաբար –
կչկչոց
ծաղիկներ
գաթայի հոտ
ու ես ավելի մանրամասն
բացատրում եմ գայլին թռվռալով
տատիկիս տան տեղը գյուղի վերջում
աչքս չկտրելով թիթեռներից
ավելի վստահ ու թեթևամիտ
քան Կարմիր գլխարկը հեքիաթի մեջ
հ.գ. երբ լռում են հրանոթները
ու խոսում են
ընկած զինվորները արնաշաղախ
մայր հողի միջից հանց գայլի փոր
ես կոչում եմ պատերազմն իր ճիշտ անվամբ