top of page

ԻՆՉՊԵՍ ԺԻԶԵԼԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

(բալետ՝ հիմնված իրական ռիթմերի վրա)

Այնտեղ

չերևացող մասում կուլիսների

ոմանք հենց այս պահին

ծպտվում են

բեղ կպցնում քթների տակ

գյուղացու պես

փորձելով նմանվել սիրեցյալիս

դրանցից մեկը

ժամանակ առ ժամանակ

մոտենում-կոտրում է սիրտս

ու հեռանում

ինձ ռիթմիկ սպանելով ամեն անգամ

երբ գա ժամանակը հետմահու անկապության

իմ մոռացկոտ հոգու

ինչպես Ժիզելի ուրվականը՝ անկշիռ քող

տղանե՛ր

կհայտնվեմ ես համրաքայլ

ճերմակ կոշիկներով իմ բալետային

ու կպարեմ ձեզ հետ

հոգնեցնելով վհուկներին բոլոր

մահվան շուրջպարի մեջ

մի խոսքով

կգամ ու կներեմ ձեզ

այդ մասին դուք գիտեք օ՜

ինձանից լավ

(լավ հաշվել եք ատամներս ժամանակին)

թերևս այդ է պատճառը

որ մինչ օրս այն նույն

չերևացող մասում կուլիսների

ոմանք դեռ ծպտվում են քմծիծաղով

փորձելով նմանվել սիրեցյալիս

– վրե՞ժ...

ծիծաղում են նրանք լկտի

սուտ բեղի տակ

այդ աննյութ մարմնի՞ մեջ քո

հոգնած

տնքացող բթամատով


bottom of page