top of page

Ժամանակն է

վաղուց ժամանակն է

ուզում եմ գրել այնպիսի գործ

որի մեջ լինի –

նոր նախագահ

համակարգչի դիմաց նստած ռոբոտ

երկնքում – օդանավ անօդաչու

քահանա

դատախազ

բոզ կին – կապուտաչյա

նաեւ մեկը նախկին աստվածներից

իսկ ես լինեմ նույնը

ինչպես որ կամ

բակի թեթևամիտը հավերժական

տնետուն ծեծեմ դռները

և հարցնեմ

(առանց նայելու բացողի աչքերի մեջ)

– սեմուշկա ունե՞ք

մի քիչ կտա՞ք

կամ ինչպես թագավորը

մի հեքիաթից

որ ծպտված մտնում է տնից տուն

մտնեմ ծովեծով ու փոխեմ

թունավորված ջրերը ամենուրեք

ականջ դնելով ձկների

թեթև օրհնանքներին

պղպջակներով

ապա բարձրանամ ու քնեմ

ինչ-որ կետաձկան մեջքի վրա

և կամ բերանի մեջ – եթե ուզեմ

սա է ազատությունը իմ ցանկացած

ժամանակն է

իրոք ժամանակն է

որ գրեմ մի

այսպիսի գործ

հ.գ. Տե՛ր կարո՞ղ ես գրել մի հիմար գործ

ու տպել իմ անունով

առավոտյան

թող ծաղրե՛ն ինձ

Քե՞զ ինչ – pleaaaaase

ուզում եմ զարմանալ իմ գրածով

bottom of page