top of page

ԶՎԱՐԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 24

գիշեր

քամիները փչում են գլխիս միջով

պատկերները շարժվում են գլխիվայր

ու պտտվում

մեկանիվ հեծանիվով ծաղրածուի

ուզո՞ւմ ես պատմեմ քեզ – լսի′ր

զվարթ պատմությունը պապիկիս հոր

մահից մազապուրծ այն թուրքի մասին

որ փրկվել էր շնորհիվ մեղուների

(աստվածներ՝ բաժանված մեղրամոմով)

– ո~նց պատեցին քյոմուր երեսը

թրաշի ճերմակ փրփուրի պես

ո՛նց փախավ-կորավ չարագործը

Վանի ծառաշատ փողոցներում

բայց ես սոսկ մեկն եմ միլիոններից…

ՄՅՈՒՍՆԵՐԸ

ներծծվեցին ավազի մեջ

անապատը նրանց ներս քաշեց

փոշոտ քթանցքներով

ինչպես գազան

ապրիլի 24

հարյուրամյա

քամիները փչում են գլխիս միջով

խփվում պատկերներին ու փշրվում

ինչպես ՄՅՈՒՍՆԵՐԸ... ավազի մեջ


bottom of page