top of page

ԶԻՆԱԴԱԴԱՐ ԱՐՑԱԽՈՒՄ

Բախտս չի բերում ոչնչի մեջ

(թեպետ հաջողակ եմ թվում կողքից)

այդպես էլ չհաջողվեց ինձ երբևէ

լինել ճիշտ տեղում

ճիշտ ժամանակին

ինձ միշտ պակասում է

ինչ-որ մի բան

ես շատ ջահել եմ Աստված լինելու համար

ու չափազանց ծեր՝

կռվելու համար պատերազմում

դե ուրեմն – Տեր

տուր ինձ ատելությունը անանձնական

որ ճզմեմ միանգամից կոշիկիս տակ

պատերազմը ինչպես խավարասեր բլոճ

ցայտեցնելով միջուկը նրա զզվելի –

կազմված ջահելության նյութից

ճերմակ

փայլուն

ու պինդ

զինադադա՞ր – չկա այդպիսի բան

կամ նրանց համար է սոսկ

ովքեր ընկած են արդեն խրամատներում

և մայրերի համար նրանց

ովքեր կռացած՝ արևի տակ

շրջում են դիակները իրենց տղաների

գլխիկոր

ինչպես արտերի մեջ

չարչարկվող սևամորթներ

տե՛ս – հեռանում է դաշտից մի կին

ինչպես ծննդկան մեռելածին

ազդրերի միջով գողի նման

քարշ տալով մարմինն իր մինուճարի

ինչպես ընկերք

դե՛ – տուր ինձ Աստված ուրեմն

ատելությունն այն անանձնական

որ ծնվում է նողկանքից

հանդեպ

տխեղծ դեմքի պատերազմի

կամ Ի՛նքդ

սատկեցրու ճանճը աղքատության

ցուցամատով Քո այն ամենազոր

որբացած երեխայի կոպի վրա

կամ ուրիշ մի բան արա քո ճաշակով

(ես չէ որ պետք է Քեզ սովորեցնեմ)

եւ կամ տուր ինձ չափն այն ատելության

ատելությունը այն անանձնական

տուր ինձ այսօր

կամ գոնե ծածկի՛ր դեմքը

բաց աչքերով մեռած այն պատանու

սիրուն այն տղայի՝ բերանում հող

(սկսում եմ սիրահարվել կարծես կամաց-կամաց)

գնա՞մ թե մնամ – հարցը սա է

(հալվում է սառույցը արդեն աչքերի մեջ)

դե լավ կմնամ ու կջրեմ ամեն օր

ծաղիկն այն

որ ծլում է արդեն բերանի մեջ

այլապես գնամ – որ ի՞նչ

միևնույն է չի ստացվում ինձ մոտ ոչինչ

ես շատ ջահել եմ Աստծո համար

ու չափազանց ծեր՝ կռվելու համար պատերազմում

հ.գ. անիծվի այն օրը երբ Դեմետրան

որոշեց դառնալ սգացող կին

հասավ Էլեւսին ու նստեց

վշտի քարի վրա ցուցադրաբար

ուղղելով սեւ փեշի ծալքերը գետնին հասնող

հ.գ․2 երեկ դողում էի ես երազումս

նրա կապույտ-սառցակալած երակի մեջ

եղբայրական ինչ-որ գերեզմանում

bottom of page