top of page

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԱՆՈՒՆԸ ՔՈ

Մուկո՛ւչ հիշո՞ւմ ես հռհռոցս

երբ ասացիր ինձ անունդ

այդ օրը

ձեռքդ ոնց մնաց օդում կախված

(մի ծաղիկ կուչ եկավ թփերի տակ)

օ~հ դու ջահել էիր այն ժամանակ

չգիտեիր

թե որքան դաժան են

սիրուն աղջիկները սովորաբար

իսկ հիմա

տարիներ անց այստեղ

օտար լեզուների ժխորում այս

«Մուկուչը» հնչում է մեկ այլ ձեւով

ու երբ մոռանում եմ ազգությունս

սկսում է ինձ դուր գալ մինչեւ անգամ

Մուկո~ւչ – ես սիրում եմ հիմա անունը քո

ձեռքդ` որ մնաց օդում կախված

(ծաղիկը` որ կուչ եկավ թփերի տակ)

Մուկուչ լսո՞ւմ ես

Մու-կուչ

չեմ ձանձրանա անունդ կրկնելուց

մինչեւ լույս – բայց արդեն լույս է

մի ծաղիկ բարձրացավ թփի վրա

այդ ե՞րբ լուսացավ Մուկուչ

– Մուկուչը ի՞նչ է հարցնում է նա

Մուկուչը Մուկուչ է ասում եմ

անունդ կրկնակի համտեսելով

շոշափում եմ կյանքս գիշերվա մեջ

տատիկիս տոպրակը կարծես լինի

խճճված թելեր են ու ասեղներ

կրկնում եմ անունդ անվերջ

Մուկուչ

Մուկուչ

գիտես ի՞նչ Մուկուչ

անունդ փրկում է ինձ ամեն անգամ

հ.գ. ես Մուկուչ եմ կանչում հիմա

անծանոթ տղաներին այս քաղաքի

որպեսզի առիթ տամ շուրթերիս

դիպչել անվանդ կրկին անգամ

– Իմ անունը Մուկուչ չէ – ասում են

– Բայց ինչ նման ես դու Մուկուչին


bottom of page