top of page

ԵՍ՝ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ

(կամ չափազանց անհավակնոտ երազ)

Ուզո՞ւմ ես երջանկություն

սիրտդ ազատիր

ժառանգված ստից ամբողջովին

հեշտ է ասելը սա

Մահարիշի

սակայն հիշի՛ր

սուտն ինը կյանք ունի

ինչպես կատուն

իսկ մարդը` մեկ

իր ներսում յոգ է ամեն պոետ

ընդունակ քայլելու

ջարդոտված ապակու վրա ոտաբոբիկ

ու եթե արնոտված չեն ոտքերս

մի շտապիր եզրակացնել

որ ես

չեմ անցել պատերազմի միջով

ինչ լավ է

խուճապն ու պայթյունը

չեն մնում արյանդ մեջ անվերջորեն

մեկն այն արտաքսում է ժամանակին

որ չպայթի սիրտդ` հավելելով

ձայների քաոսը շրջակայքում

բայց ինձ հուզում է մեկ ուրիշ հարց

ո՞վ է վերադարձնելու

(երկնավո՞րը)

իմ կորած գարունը երջանկության

մայրության երազը` խառնված

ծաղկած բալենու վարդագույնին

քահանա՞ն

աղո՞թքը

ալելույա՞ն

այնքան թեթեւ ու անիրական

որ մշտապես մնում է օդում կախված

հակառակ զգացումին երջանկության

որ իրական է ինչպես ատամի ցավ

ուզո՞ւմ ես զգալ այն

խնդրեմ

կպցրու իրար ազդրերդ

փակ աչքերով

թաց սառնության մեջ առավոտի

ու սկսիր փակ աչքերով կոճկել

վերնաշապկիդ կոճակները հաջորդաբար

մինչեւ վերջին կոճակը

կզակիդ տակ

հ.գ. ո՞վ է կատարելու շատ հեզ

մազերիս երազը` թել-թել

որդուս ուսին հենված

սպիտակելու


bottom of page