(կամ նաիրյան պար երջանկության)
Արարա՛տ
ճակատդ հավերժ ամպերի մեջ
դու նաիրյան Աստված
իմաստուն հայր
որ անթարթ հսկում է ճանապարհը
հավերժի ճամփորդ իր որդիների
ես մեկն եմ նրանցից
տե՛ս
հարցեր չտաս –
անվանիր ինձ
Սոնա յար
դուստր
անառակ կին
կարևոր չէ այլևս անունն իմ
երբ քո կողքին եմ և այնքա՜ն գինով
թույլ տուր գլուխս դնեմ ուսիդ
իսկ դու գրկիր մեջքս անակնկալ
ու եկ պարենք
հսկա պտույտներով – մինչ առավոտ
նաիրյան վալսը երջանկության
Արարա՛տ
վարսերդ քամոտ ամպերի մեջ
հավերժահարս թագով
խենթացած մայր
որ դեռ օրորում է հիշողությամբ
դատարկված տապանը հանց օրորոց
աշխարհով մեկ ցրված իր զավակների
նրանցից մեկն եմ ես
տե՛ս
հարցեր չտաս –
կոչիր ինձ
սիրեցյալ հաղթաբազուկ
անառակ որդի
ճակատագիր
կարևոր չէ այլևս անունը իմ
երբ քո կողքին եմ ու այնքա՜ն հարբած
թույլ տուր վերցնել ձեռքը քո – իսկ դու
հավաքիր փեշերդ ու եկ պարենք
ինչպես երկու խենթ` առասպելից
նաիրյան պարը երջանկության
մինչև վերջին շունչը ժամանակի