top of page

ԴՐԱԽՏՈՒՄ՝ ՏԽՈՒՐ

Կյանքս` արգենտինական տանգո

երեք հոգով ենք միշտ

երկու տղամարդ ու ես

նույն օրն է ասես շարունակվում

նույն կիրակին

երբ մեռնեմ –

այդպե՛ս էլ կթաղեք ինձ

խիստ հերմետիկ սեղմված

երկու մարմինների միջև նրանց

սառնապակե

ինչպես թանգարանում ցուցադրվող

էկզոտիկ թիթեռը այն

որն ապրում է մեկ օր միայն

ճի՛շտ է

սակայն նրա՛նց համար բացառապես

այլ ոչ թե իր

հեռու չէ – արդեն իսկ

ես տեսնում եմ հստակ

իմ մահվան հաջորդ օրը

պատուհանից

հոգիս թրևում է կրկին – ա՜խ

դրախտի լռության մեջ անակնկալ

հրեշտակները երգում են – ճիշտ է

սակայն ոչ ինձ համար

այլ մեկմեկու

բամբասում են ասես միմյանց ականջի մեջ

Աստված ծիծաղում է կրկին անլսելի

սեփական ափերի մեջ՝ գլուխը թեք

հենված դռանը

թեթևակի

ինչպես չարաճճի աղջնակ

– ծիծաղի՛ր… բարձրաձա՜յն ծիծաղիր Տեր

ինձ տեղն է

ես էլ նույնը կանեի Քո փոխարեն

հ.գ. խենթանո՞ւմ եմ ինչ է չգիտեմ

ամեն բան թվում է կորուսյալ

գլխումս մի տող է պտտվում

«դրախտը այստեղ չէ ոչ էլ այնտեղ»

թե՞ դժոխքին էր սա վերաբերում


bottom of page