top of page

ԲԵՄԻ ՎՐԱ, ԲԱՅՑ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԵՍ

Երբ առակ ես պատմում ինձ

կամ ծիծաղում

քո ուրախ ատամներով

անհավասար

ես տեսնում եմ ծնունդը սուրբ ծաղրածուի

զուգահեռ մսուրի մեջ` բեմի վրա

ո՞վ ես դու – առաջին ծնած մա՞րդն ես

բլուրներից առա՞ջ ստեղծվեցիր

նստիր ու թող օծեմ ոտքերդ

թանկագին յուղով նարդոսների

ինձ կյանք տուր

ես խենթն եմ անապատի

ցնցվող ընկնավորը փրփրաբերան

(ավազ մազերիս մեջ ու կրծկալիս)

նախ փրկեա զիս խոսքովդ

իսկ հետո կնության առ

հեքիաթի աղջկա պես ոսկեծամիկ

խոսքս մյո՛ւս կյանքի մասին է – իհարկե

երբ վերջանա ասֆալտն այս գետնի վրա

այլապես այս կյանքն ի՞նչ –

վազքուղի

աղմկոտ չոր ընթացք օդանավի

որ ըստ ֆիզիկոս հորս

պիտի վերածվի արագության

թռիչքի համար

…դեպի այնտեղ


bottom of page