top of page
(իմ վերջին կապրիզը)
… Ես դեռ որքան – ասա – պիտի զարթնեմ
արեգակի կծող սառնությունից
այսպես չի կարող շարունակվել
դու պե՛տք է վերածնվես
վե՛րջ
քննարկման ենթակա չէ հարությունդ
այնքան էլ դժվար չէ…
դու միայն թուլացիր մի փոքր
չի պահանջվում քեզնից ուրիշ ոչինչ
մնացածը ե՛ս կանեմ ամբողջապես
կցնցվեմ նախ
մինչ մարմինս
բոլորովին դատարկվի տխրությունից
ու մնան սոսկ կամքս ու կավը
բավարար կերտելու քեզ երկրորդ անգամ
դանդաղամիտ նրա՛նց համար բացառապես
որ չհասցրին ճանաչել քեզ
նախորդ անգամ
դու միայն թուլացիր ու թույլ տուր
մնացածը ե՛ս կանեմ ամբողջապես
տե՛ս փափկում է կավն արդեն մատներիս մեջ
ապրե՛ս
ապրե՛ս
(չէի էլ կասկածում – դե իհարկե
դու առաջ էլ չես մերժել ինձ երբեք ոչինչ)
բացի այդ
դու պարտավո՛ր ես վերածնվել
այլապես դեռ որքա՞ն զարթնեմ ես
կծող սառնությունից արեգակի
bottom of page