(թմրադեղի տակ` անսպասելի ինձ այցելած մահվան սեւ հրեշտակի եւ մեծ պատուհանիս առաջ կրկին սիրաբանող արծիվների միջեւ)
Օրս` քվանտային ծուղակ
շարժվողը սոսկ մետաղական ժապավենն է
ոտքերիս տակ
ինչպես Ալիսան հայելիների աշխարհում
ես վազում եմ
որպեսզի պարզապես մնամ տեղում
այդպես ապահով է
քանզի
ինչպես ամեն կնոջ` հիսունը անց
ինձ ձգում է սոսկ այն` ինչ արգելված է
ինչը ծակող է
կտրող
եւ կամ այրող
արարի՛չ
պատրաստ եմ` անիծիր
կակաչ ծամողների սերունդը իմ
պղտոր հայացքներով այս էգ գայլերին
աղոթող պտուկներով` երկինք շրջված
անիծիր եւ առնը արհեստական
սեղանիկի վրա ննջարանի
որ անամոթ փայլում է ուղղահայաց
գմբեթի պես ռետինե եկեղեցու
գուցե եւ հաշիշն է` չգիտեմ
սակայն սա առաջին անգամը չէ
որ զարթնում եմ սիրախաղի ձայնից
ջահել կրծքերով արծիվների
կամ հիշում երգն այն կիթառիստի
ամբողջովին ծածկված դաջվածքներով
– սերը ծո~ւյլ է… ինքնաբա~վ է սերը … սերը բավարար չէ~…
կիրքն է գործիքը հավերժության
հենց այդպես էլ կա Հայր
ու չփորձես ինձ կրկին շփոթեցնել
առանց այդ էլ ես այդ մասին իմացել եմ
բավական ուշ
սա իմիջիայլոց
իսկ դու` մահվան հրեշտակ
ներս եկ
մոտեցիր- նստիր անկողնուս մոտ
անունդ ի՞նչ է
գարեջուր կխմես չէ՞
սա քեզ սա ինձ
դե ասա` դու ինչո՞ւ ես այսքան սիրուն
ալելույան ինչո՞ւ է այդքան լիքը
անմիտ թեթեւությամբ – ինչպես փուչիկ
որ թափառում է օդի մեջ եկեղեցու
ու չի հասնում երբեք երկնավորին
թու՛ – այս հարցը ես պահել էի Աստծո՛ համար
թուլացի՛ր քեզ բաժին է ընկել բախտիցդ
ինքնաբավ հոգին բանաստեղծի
ես գիտեմ թե ինչպես փրկել միտքս
մահվան քրքիջից զարհուրելի
իմ սեփական բառի զրնգոցով
տա՛ր ինձ բայց նախ գրիչս բեր
գլուխգործոց չսպասես ինձնից այսօր
հարբած եմ չե՞ս տեսնում ու բացի այդ
գարեջուրն իրենն անում է
մուսայիս զբաղեցրու մինչեւ գամ ետ
իսկ Քեզ` Հայր
ես գրում եմ շրթներկովս
պետքարանիս հայելու վրա ոսկեերիզ
համարի՛ր սա վերջին ցանկությունը
հավատավոր զավակիդ մահկանացու
կարո՞ղ ես ինձ տանել դրախտ
մահվանից առաջ
այլ ոչ հետո
սիրում եմ – չկրկնեմ – խախտել կարգը
ինչպես ցանկացած կին` հիսունը անց
թեկուզ երկու ժամով կտանե՞ս Հայր
ուզում եմ սեր անել ցերեկային
ինչպես էժանագին հյուրանոցում –
անճաշակ լույսերի մեջ շլացուցիչ
անիմաստ փայլի մեջ օղակ-օղակ
ուզում եմ տեսնել սերմնահյութի
անակնկալ ցրվելը շատրվանով
վերածելով օդը` ծիածանի
ահա եւ քառատողս մահվան հրեշտակ
կկարդաս երբ չլինեմ – խոստանո՞ւմ ես
իսկ հիմա տար ինձ թիկնոցիդ տակ
որտեղ որ ցանկանաս կարեւոր չէ
դժոխքն ու դրախտը միեւնույն տան
հարակից սենյակներն են բանաստեղծի
շտապի՛ր խումարս անցնում է
չասացիր
դու ինչո՞ւ ես այդքան սիրուն
ինչ լա~վ է – վերջապես լռում են
մնացած «ձայները ժամանակի»
մահվան համբույրի հաշիշի մեջ
մի հաճելի կասկած է միայն
իմ մեջ սահուն շարժվում օձի նման
– չլինի՞ դու եկել ես որպեսզի
փրկես իմ հոգնած ունկերը
բառի դղրդոցից ուղեղիս մեջ
հ.գ. սատանա ուզո՞ւմ ես գաղտնիք լսել
քո գալն ինձ ապշեցրեց իրականում
ես սպասում էի Տիրո՛ջ գալստյանը
այսօր ավելի
քան երբեւէ