top of page

ԱՌԱՋՆԵԿԻՍ` ՎԱՐԴԻՆ – ԵՐԿՆՔԻՑ

Աղջիկս գիտե՞ս

երբ դու ծնվեցիր

ես իմ ընդերքի դատարկությունը լցնելու համար

խրտվիլակի պես այն լցոնեցի

վախ

ու

կասկածով

բայց սա վաղո~ւց էր

հիմա բարձրում եմ

ու հիացումով

ես քեզ եմ նայում երկնի լազուրից

ինչպես Նարցիսն է ինքն իրեն նայում

պարզ հայելու մեջ լճի կապույտի

բարձրո՛ւմ եմ ասի

ապա ձգվիր ու որսա համբույրս

աղավնու շուրթից

ու փոխարենը մի ձիթենու ճյուղ դիր կտուցի վրա

որպես ապացույց

որ հետ են քաշվել

ջրերն արցունքի

դա ինձ շատ պետք է

իմ լիակատար հրճվանքի համար

եւ ընդհանրապես

դու ինձ որոնիր սրանից հետո

հանդերձարանիս հայելու խորքում

որը իր փայլուն հիշողության մեջ

առանց ընտրության

ինչ-որ մի բան է պահել ինձանից

կարեւոր կամ ոչ

հ.գ. ներիր ինձ սակավ մազերիդ համար

փոքրիկ կզակիդ

երազիդ փխրուն տեսակի նաեւ

ու քեզ թողնված

այնքան անկատար աշխարհի համար

ավելին էի ցանկանում ես քեզ

հ.գ. 2 գտի՛ր նկարը այն լողազգեստով

որտեղ դու կանգնած ես

իսկ ես նստած

գլուխս հենած ծնկներիդ միջեւ

թեթեւակի

ինչպես ապագայից ծնված անցյալ

ու միասին նայում ենք նույն կետին

հավերժի կենտրոնում

ինչ որ մի տեղ


bottom of page