Մանկությանս անկշիռ պատկերները
ասես փուչիկներ գազով լցված
գոմը նորից է մնացել բաց – ա՛խ
կովերը թռչում են ազատ
ամպերի մեջ
սա երազս – իսկ օրը
զինվորի պես
շարժվում է գողեգող ու
սողում առաջ
ոչ ոք չի խոսում սեղանի շուրջ
ի հարգանք վանեցի տատիս
կես թռչուն-կես կին կարմրամազիկ
(կատարյալ հարպիա առասպելի)
որ կորցրել էր թևերը անապատում.
թուրքը նախ ջարդել էր դրանք
ապա այրել
ու տվել քամուն միանգամից
հրեշտակ – որ նայում ես կես- ժպիտ
ապահով բարձունքից առաստաղի
գիտե՞ս – չհասցրեց հարպիան այդ
դառնալ կես թռչուն-կես տատ
այսինքն ես նրան չեմ տեսել
մինչև իսկ կես վայրկյան
եր-բե-վէ
ների՛ր ինձ հրեշտակ առաստաղի
հեգնանքիս համար դառնացածի
դու ի՞նչ մեղավոր ես որ չգիտես
թե ինչի է վերածվում վերջում
աղիների ձայնը ափսոսանքի
ու որ երբեւէ չես զգացել
ցավից գռեհկանալը հիշողության
կամ վառված փետուրի հոտը
երբ միտքդ քեզանից անկախ
փորում է ավազը անապատի
հ.գ. ես նրան չտեսա – իսկ դո՞ւ
բարձրում… չգիտեմ… այդտեղ
հանդիպե՞լ է քեզ… հրեշտա՛կ իմ
զարհուրած մի կին կապուտաչ
այրված թևերով ծիծաղելի