Գնում եմ ուսերս գողի պես կախ
աշունը իսկական դեղին Քրիստոս
չոր ճյուղեր` ցցված գլխի վրա
կուզիս մեջ գիշերներն են այն շխկշխկան
որ խոստացան այցի գալ
սակայն չեկան
գնում եմ գլուխկախ – ինչպես մայրս
աշունը` դեղին գոգնոց
լվացքի պարան
ու
հոգնություն
գիշե՛ր
չկրկնե՛ս
հասկացա՛
լա՛վ
այս մի լաթն էլ հավաքեմ
ու գալիս եմ
ենթադրենք դանդաղ եմ
հետո՞ ինչ
թողնեմ այն թրջվի՞ անձրևի տակ
ես քոնն եմ աշուն դե՛
վերցրո՛ւ ինձ
եկ միասին մտնենք այս գիշերի մեջ
սուտ բաներ շշնջա ականջիս
ու խոստացիր
նախշուն-ճոխ շորեր՝ արշալույսին
աշուն իմ... իմ փրկիչ... իմ լա՜վ...
քեզ երկա՜ր շատ երկա՜ր եմ սպասել
ճյուղերդ բիրտ մատներ արարչության
վարվիր իմ մարմնի հետ ինչպես կուզես
առաջինը կիրքն էր – ի՛նչ բառ
ջնջիր ինձ մինչև վերջ
ապա սարքի՛ր
մարմինս ոչնչից` ինչպես Աստված
հ.գ. աշուն ջան արի՛
սպասում եմ
ոսկե ճռճռան կոշիկներով
ու հաղթաքայլ
դու նման ես յարիս
երազիս մեջ