top of page
Տարիներ անց
երբ հաղթահարել եմ վաղուց արդեն
սովորույթը սիրո
եւ այլ տեսակի կուրացնող թուրմերի
շոշափում եմ մտքով
դեմքն այն վերջին
հազիվ երեւացող աղվամազով
եւ ձայնով
որ խռպոտել էր կողքիս հենց
մեկ գիշերվա մեջ ընդամենը
օ~ արբունք
տարիք ձեռնաշարժության
պզուկների
ու հանճարի
երբ հոգին փայլում է ու դիպուկ
պատրաստված նյութից հիացումի
հանց հսկայի մկան – արագ
ի զորու ցնցելու ողջ տիեզերքը
ու հրելու
դարվինյան կապիկին մեկ քայլ առաջ
բայց փոխարենը նախընտրել է
ի բոցոյն վազեր
ի ծոց իմ ու լռվել է
սայթաքող շրթունքներով` կրծքիս վրա
ինչպես կերակրվող մանուկ
չփչփոցով
ինչպես մանչ
լաո
խարտյաշ պատանեկիկ
հուր հեր ուներ
բոց ուներ մորուս
Մայքը
եւ աչքերն էին արեգակունք
bottom of page