top of page
Ես կրծում եմ տերեւը
հիշողության
մետաքս պատրաստող թրթուրի պես
ու ստանում տող
չորս հազար մետր երկարությամբ
յուրաքանչյուր պատառի դիմաց
ճշգրտորեն
միակ անհաշվելի բանը
հայրս ասում էր
հայացքն է բանաստեղծի
որի մեջ հատվում են
լեզուն
տիեզերքն
ու սիրտը
եւ որից դուրս
կրկին դառնում են զուգահեռներ
ու հավելում
հասկացա՞ր աղջիկս
զու - գա - հեռ- ներ
հասկացա հայր
տողերս մղոններ անհաշվելի
ձեռքերս ծերացող ձիեր – կամոք
ես քաշում եմ կառքը հիշողության
անծանոթ հեռու ինչ-որ մի տեղ
հ.գ. երբ ասում եմ հիշողություն – ուրեմն հայր
երբ ասում եմ կամք – ուրեմն Աստված
այդպես չէ՞ր հայր
bottom of page